«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բոնուսով հաղթանակի հետևանքները-2

Բոնուսով հաղթանակի հետևանքները-2
17.07.2009 | 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և այդ համատեքստում ի հայտ եկած մադրիդյան սկզբունքներն արտաքին քաղաքական կարևոր նշանակության հիմնախնդրից Հայաստանի համար աստիճանաբար վերածվում են նաև լրջագույն ներքաղաքական պրոբլեմի։
Մադրիդյան սկզբունքների շուրջ երեք տերությունների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնության փաստն ինքնին կասկածելի է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս պահին և բավականին արագընթաց տեմպերով ձեռնտու է ավելի շուտ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը։ «Նաբուկո» գազամուղի նախագծի ստորագրումից հետո արևմտյան տերություններին անհրաժեշտ է առավելագույնս հանգիստ ու կանխատեսելի Հարավային Կովկաս` էներգետիկ մեծ կարևորություն ունեցող բազմամիլիարդ նախագծերն իրականացնելու համար։ Վրացական ու աբխազական հակամարտությունների խնդիրը, որպես այդպիսին, Արևմուտքի համար, կարծես, լուծված է` Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանին նվիրելու տարբերակով։ Չնայած Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու բոլոր հավաստիացումներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրամիությունը գործնական միջոցառումներ չեն ձեռնարկում այդ տարածքները Վրաստանի վերահսկողության տակ վերադարձնելու առումով։ Փորձագետների մեծամասնության գնահատմամբ` Արևմուտքը համարում է, որ բաժանարար գիծը ռուսական և արևմտյան ազդեցության գոտիների միջև պարտադիր չէ, որ անցնի Կովկասյան մեծ լեռնաշղթայի փեշերով, այդ աշխարհագրական ջրբաժանից հնարավոր են նաև փոքր շեղումներ։ Ըստ այդմ, Հարավային Կովկասում մի սահմանագիծն արդեն հստակեցված է, եթե ղարաբաղյան հակամարտությունն էլ կարգավորվի, Ռուսաստանի միջամտության լծակները հարավկովկասյան գործընթացներում կհասցվեն նվազագույնի։
Առաջին հայացքից Մոսկվան նույնպես շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների մատուցման, Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին Ադրբեջանին լավություն անելու տարբերակով։ Անշուշտ, այս պնդումը հիմքից զուրկ չէ, այդպիսի միտում նկատվում էր նաև անցած տարվա սեպտեմբերից մինչև նոյեմբեր` մայնդորֆյան հռչակագրի ստորագրում։ Սակայն դրանից հետո Ռուսաստանի քաղաքականությունն Ադրբեջանին շոյելու ուղղությամբ ոչնչով չարդարացվեց։ Ադրբեջանական գազի պաշարները, անգամ եվրոպական գներով ձեռք բերելու Մոսկվայի քայլերը, չհանգեցրին ցանկալի արդյունքի։ Փաստորեն, երկարատև քաշքշուկից հետո Ադրբեջանի ղեկավարությունն ընդամենը հնարավորություն տվեց այս ողջ գործընթացը նախաձեռնած Ռուսաստանի նախագահին փրկելու դեմքը` համաձայնելով Մոսկվային վաճառել իր գազի պաշարներից 500 մլն խմ։ Սա նշանակում է, որ մնացած գազը շարունակելու է հոսել Բաքու-Էրզրում գազամուղով, մինչև «Նաբուկոյի» կառուցումը, իսկ հետո արդեն բուն «Նաբուկոյով»։ Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի քան պատրաստակամ է «Նաբուկոյին» մասնակից պետություն դառնալ, արդեն իսկ լրջորեն բարդացնում է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները։ Այդպիսի նախագծի գործարկումից հետո, որը ռուսական փորձագետները համարում են Ռուսաստանի գազային աշխարհաքաղաքականության «սիրտը խրված դաշույն», եվրոպական սպառողների կախվածությունը Մոսկվայից կտրուկ նվազելու է։ Ըստ այդմ, հազիվ թե Կրեմլը հիմա իրապես շահագրգռված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, եթե նկատի ունենանք ռուսական որոշ փորձագետների «խորհուրդները»` Հարավային Կովկասում նոր ցնցումներ, անգամ պատերազմ հրահրելու ուղղությամբ, միայն թե «Նաբուկոյի» իրականացումը տապալվի։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների մեջ Ռուսաստանի համար, թերևս, ամենագրավիչը հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունն է, որը Մոսկվան հույս ունի օգտագործել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում վերականգնելով, քանզի ԽՍՀՄ փլուզումից ի վեր այդ ներկայությունը հետևողականորեն կրճատվել է և այսօր հասել նվազագույնի։ Հայաստանում տեղակայված ռազմաբազայից ու սահմանապահ զորքերից, ինչպես նաև Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի անձնակազմից բացի, Մոսկվան ոչ մի զինվոր չունի Հարավային Կովկասի մնացած տարածքում, եթե չհաշվենք Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված զորախմբերը, սակայն այդ տարածքներն արդեն փաստացի Ռուսաստանի մաս են կազմում։ Ըստ այդմ, Հայաստանի նախագահի հանգստությունը, թե այսօր` հուլիսի 17-ին, Մոսկվայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, միանգամայն արդարացված է։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե իշխանությունը կարող է հանգիստ նստել իր տեղում և իր գործողությունները կառուցել ռուսական հայտնի առածի վրա, թե այս անգամ էլ «ՈՉՏրՖ տՐՏվպրպՑ»։ Ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէ, ինչպես այն անեկդոտում, երբ կինը հարցնում է տղամարդուն` ինձ սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, իսկ վերջինս պատասխանում է. «Հասկանո՞ւմ ես, թանկագինս, ամեն ինչ շատ ավելի բարդ է»։
Իսկ իրավիճակի բարդությունն այն է, որ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար յուրաքանչյուր իշխանություն ունի իրական ու գործուն ընդդիմության կարիք։ Բայց այդ գործուն ընդդիմությունը պետք է լինի այնպիսին, որ իր գործողություններով նպաստի ընդհանուր պետական ու ազգային խնդիրների լուծմանը։ Այդպիսի զորեղ ընդդիմություն ունենալու կամ ծայրահեղ դեպքում այն ստեղծելու ցանկություն ու կարողություն օրվա իշխանություններն այդպես էլ չունեցան։ 2008-ի նախագահական ընտրություններից և մեկամյա ծանրագույն ներքաղաքական ճգնաժամից հետո Երևանի ավագանու ընտրություններն իսկապես հարմար առիթ էին սրբագրելու այդ ծանր տարվա հետևանքները և ընդդիմադիր ուժերի հետ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու։ Մանավանդ առանց այդ էլ պարզ էր, որ ընտրություններից հետո լինելու է համաներում, ու ընդդիմության ակտիվիստների մեծ մասը հայտնվելու է ազատության մեջ։ Ցավոք, իշխանությունը չունեցավ այդքան վճռականություն և հեռատեսություն` անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք հնարավորություն կտային լոյալ հարաբերությունների դաշտ ստեղծել ընդդիմադիր ուժերի հետ։ Անկախ նրանից, թե ինչպիսին էր ընդդիմության կամ իշխանական ուժերի իրական վարկանիշը, իշխանությունը չդիմացավ վարչական ռեսուրսը մինչև վերջ շահագործելու գայթակղությանը։ Արդյունքում ստացվեց այնպես, որ կառավարող հիմնական կուսակցություն ՀՀԿ-ն, խորհրդարանում գրեթե որակյալ մեծամասնություն ունենալով հանդերձ, բացարձակ մեծամասնություն ունի նաև Երևանի ավագանիում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ առաջնորդը նաև հանրապետության ղեկավարն է, այս քաղաքական կազմակերպությունը, փաստորեն, միանձնյա ղեկավարում է ամբողջ կառավարման համակարգը, իսկ խորհրդարանական կոալիցիայի առկայությունն ավելի շատ սիմվոլիկ է, քան իրական։ Այսպիսով, պաշտոնական ընտրությունների արդյունքներով երկրում գոյություն չունի այնպիսի ծանրակշիռ ընդդիմություն, որին հնարավոր լիներ այսօր ի ցույց դնել արտաքին աշխարհին և ասել, որ այսինչ չափով հասարակական վստահություն վայելող այսինչ քաղաքական ուժը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փաստաթղթի հետ և հնարավորություն ունի հասարակական ճնշման միջոցով կանխելու դրա ստորագրումը։ Իշխանությունը մնացել է միայնակ` արտաքին լրջագույն մարտահրավերին դեմ-հանդիման, ինչը կարելի էր կանխատեսել նաև երկու ամիս առաջ, բայց, ինչպես միշտ լինում է հայկական իրականության մեջ, չկանխատեսվեց։
Եթե անդրադառնանք այսօր հասարակական դերակատարություն ունեցող առանցքային ընդդիմադիր ուժերի դիրքորոշումներին, ապա Հայ ազգային կոնգրեսի աջակցության վրա իշխանությունը հույս դնել չի կարող։ ՀԱԿ-ը, անշուշտ, արմատական ընդդիմադիր է այսօրվա իշխանությանը, բայց դա այլ տիպի ընդդիմություն է։ Նրա առաջնորդը և, առհասարակ, ՀԱԿ-ի առանցքային գործիչների մեծ մասը չեն թաքցնում, որ իրենց համար ավելի ընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրումը, որն ավելի լուրջ նախապայմաններ կստեղծի գործող իշխանությունից ազատվելու, քան դրան ընդդիմանալն ու դրանով իսկ իշխանության մանևրի դաշտն արտաքին հարաբերություններում ամրապնդելը։ Պատահական չէ, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանձնակի սրացման փուլում հայտարարում է ընդդիմության պասիվացման անհրաժեշտության, ընդմիջում վերցնելու և սպասողական դիրքորոշում որդեգրելու նպատակահարմարության մասին։ ՀԱԿ-ն այդպես վարվեց անցած տարվա աշնանը, մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից առաջ, այդպես է վարվում նաև այսօր, և գործող իշխանությունն այս քաղաքական ուժի հետ չի կարող հույսեր կապել անգամ ազգային կարևոր հարցերում համագործակցության առումով։ Նույնը կարելի է ասել «Ժառանգության» մասին, թեպետ այստեղ իշխանություններն իրենց մեղքի բաժինն ունեն։ Անկախ նրանից, թե որքանով էր ընդունելի Զարուհի Փոստանջյանի պահվածքը ԵԽԽՎ-ում, փաստ է, որ հենց իշխանական լրատվամիջոցների կողմից այն համապատասխան մեկնաբանություններով տիրաժավորվեց, և հենց իշխանական դաշտի քաղաքական դեմքերն էին «սև մուր» լցնում իրենց գործընկերուհու գլխին` առանց մտածելու, որ վաղն այդ նույն «Ժառանգության» հետ կարող է նույն սեղանի շուրջ նստելու խնդիր ու անհրաժեշտություն առաջանալ։
Մնաց դաշնակցությունը, որը, փաստորեն, ասպարեզում եղած առանցքային քաղաքական ուժերից միակն է այսօր, որ պատրաստ է և փորձում է իշխանության դեմ կառուցողական ընդդիմության դերակատարում ունենալ։ Դաշնակցությունը դարձյալ միակն է ասպարեզում գործող բոլոր կուսակցություններից, որ փորձում է ինչ-որ բան անել, միջոցառումներ կազմակերպել, ահազանգել` ղարաբաղյան հարցի հետ կապված աննպաստ զարգացումները հասարակությանը ներկայացնելու համար։ Սակայն այստեղ ակնհայտորեն պրոբլեմներ կան, և դրանք պայմանավորված են անցած տասը տարիներին ՀՅԴ-ի և մնացած քաղաքական դաշտի միջև ձևավորված հարաբերություններով։ Եթե մինչև 1998-ը դաշնակցությունն արմատական ընդդիմադիր ուժ էր, և միայն այդ հանգամանքն արդեն բավարար էր տարբեր քաղաքական կազմակերպություններին իր շուրջը համախմբելու և բավականին գործուն ընդդիմադիր դաշինքներ ձևավորելու համար, ապա 1998-ից հետո անցած տասը տարիները փոխել են ՀՅԴ-ի և մնացած քաղաքական դաշտի հարաբերությունները։ Դաշնակցությունը տասը տարի եղել է իշխանության մեջ, դիտվում է այդ իշխանության բոլոր սխալների, թերացումների մեջ իր մասնաբաժինն ունեցող ուժ, ու սրանից ելնելով էլ քաղաքական դաշտի մնացած հատվածն այսօր խուսափում է դաշնակցության հետ նույն դրոշի տակ կանգնելուց, թեպետ ՀՅԴ-ի հնչեցրած ահազանգը բնավ էլ անհիմն չէ և, միգուցե, շատ տեղին է։ Բայց նա էլ գործնականում մենակ է մնացել այդ պայքարի մեջ։
Իշխանությունը պետք է կարողանա արտաքին դաշտում մեծացնել իր մանևրի հնարավորությունները և խուսափել արտաքին քաղաքական ծանր պարտադրանքից, ինչը միանգամայն կարող են կիրառել ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, եթե նկատի ունենանք թեկուզ միայն ռուսական ազդեցության բացակայությունը Վրաստանում և Թբիլիսիի բացարձակապես արևմտամետ կողմնորոշումը։ Վրաստանով անցնող հայկական բեռնափոխադրումները գործնականում արևմտյան հսկողության տակ են, ու Վրաստանի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրումն ԱՄՆ-ից առանձնապես մեծ ջանքեր չի պահանջում, չհաշված բազմաթիվ մնացած լծակները։ Եվ իշխանություններին այդ իրավիճակում իրական օգնության ձեռք մեկնող միակ ուժը կարող է լինել լուրջ ընդդիմադիր միավորման շուրջ համախմբված ժողովուրդը, սակայն այդպիսի միավորում դեռ պետք է ստեղծել։ Համենայն դեպս, Մոսկվայի օժանդակության հետ հույսեր կապելն ավելի մեծ սխալ կլինի, որովհետև դա Արևմուտքին առիթ կտա է՛լ ավելի սաստկացնելու ճնշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փաթեթն «անցկացնելու» հարցում։ Դե, իսկ եթե իշխանությունը մտադիր է իսկապես ստորագրել մադրիդյան սկզբունքների տակ, ապա դա արդեն այլ, ոչ պակաս տհաճ խոսակցության նյութ է։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ